You are currently viewing UWC Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուսի բացումը

Մարտի 19-ին բացվեց Սամսունգի ինովացիոն կամպուսը UWC Դիլիջանում: Նույն օրը տեղի ունեցավ մեր Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ համայնքներից 40 ուսանողների առաջին դասը, որից հետո երեխաներն ու նրանց ընտանիքները մասնակցեցին բացման արարողությանը: Նրանց միացան համայնքի ներկայացուցիչներ և դպրոցի բարեկամներ: 


«Մեզ համար պատիվ է, որ այս նախաձեռնության շրջանակում Սամսունգը որպես գործընկեր դիտարկեց հենց UWC Դիլիջանի դպրոցը: Մենք գիտենք, որ շատ պիտի աշխատենք ցանկալի արդյունքին հասնելու համար, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաջողենք: Վստահ եմ, որ Սամսունգի հետ համագործակցությունը նոր էջ է բացում Հայաստանի զարգացման գործում մեր մասնակցության համար»,- ասաց UWC Դիլիջանի դպրոցի տնօրեն պարոն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսը:


«Ուրախ ենք ազդարարել UWC Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուսի բացումը: Ինչպես գիտենք, դպրոցի առաքելությունն է հնարավորություն տալ բոլոր երեխաներին հասնելու իրենց երազանքներին: Այս տրամաբանությունը լիովին համապատասխանում է Սամսունգի նպատակներին»,նշեց Սամսունգ Էլեկտրոնիքսի ներկայացուցիչ պարոն Աշոտ Բուդաղյանը:

«Դիլիջանի համայնքային կենտրոնը ուրախ է, որ այս նախաձեռնության մաս է: Մենք հատուկ դասընթաց ենք կազմակերպում Դիլիջանի երեխաների համար, որպեսզի նրանց պատրաստ լինեն դիմելու Սամսունգի պահանջկոտ կրթական ծրագրին: 20 երեխա է մասնակցելու դասընթացին, որը վարելու են Սամսունգի կողմից վերապատրաստված ուսուցիչները: Սա հրաշալի հնարավորություն է մեր քաղաքաի և մեր երեխաների համար»,ասաց Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար տիկին Արմինե Հովհաննիսյանը: 

«Սամսունգի ինովացիոն կամպուսի նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը կրթության միջոցով, երիտասարդներին օժտելով ՏՀՏ գիտելիքներով և հմտություններով, բարելավելով նրանց թվային գրագիտությունը և սովորելու կարողությունները, զարգացնելով ստեղծարարությունը: Ավելին, պայմաններ են ստեղծվում ՏՀՏ ոլորտում աշխատելու հետաքրքրություն ձևավորելու համար, ինչը կենսական նշանակություն ունի Հայաստանի ներուժը զարգացնելու գործում»,- նշեց Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը:

UWC Դիլիջանի միջազգային դպրոց-պանսիոնը և աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություն Սամսունգ Էլեկտրոնիքսը հիմնադրել են Սամսունգի ինովացիոն կամպուսը  Դիլիջանում: Նախաձեռնության նպատակն է հայ երիտասարդներին օժտել ՏՀՏ հմտություններով և սովորեցնել Անդրոիդ օպերացիոն համակարգի համար բջջային հավելվածների մշակման հիմունքներ:

Կրթական ծրագրի շրջանակում առաջիկա երեք տարում առցանց և առկա դասերի համադրությամբ կուսուցանվեն տարեկան 100 սան: Նախաձեռնությանը կարող են մասնակցել 14-16 տարեկան հայ երեխաներ:

Սամսունգ Էլեկտրոնիքսը նվիրաբերել է արդիական համակարգչային տեխնիկա և այլ սարքեր, այդ թվում սմարթ գրատախտակներ, որոնցով կահավորվել է 21 տեղանոց համակարգչային լաբորատորիա, որտեղ անցկացվելու են դասերը: