You are currently viewing Սամսունգի ինովացիոն կամպուսը դիմավորեց ուսանողների երրորդ սերնդին 2023-2024 ուսումնական տարում

Սեպտեմբերի 9-ին և 10-ին Սամսունգի ինովացիոն կամպուսը, որը Սամսունգ Էլեկտրոնիքսի թեք ոլորտի կրթական ծրագրերից է և Հայաստանում իրականացվում է UWC Դիլիջանի միջազգային դպրոցում, դիմավորեց իր ուսանողների երրորդ սերնդին: Դասընթացին այս տարի ընդգրկվել է 102 ուսանող Երևանից, Տավուշի, Լոռիի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերից:

2023-2024 ուսումնական տարվա համար ստացել ենք ընդամենը 650 հայտ: Թեստը հաջող հանձնել են 211 երեխա, 172 թեկնածու անցել են հարցազրույց: Ընդունելության արդյունքներով 102 սան ներգրավվել են դասընթացին: Սաների 78 տոկոսը տղաներ են, 22 տոկոսը՝ աղջիկներ:

Սամսունգի ինովացիոն կամպուսի սաները կանցնեն իննամսյա նախագծահեն դասընթաց, որը բաղկացած է 5 մոդուլից՝

  • Ջավա ծրագրավորման լեզվի հիմունքներ,
  • Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն,
  • Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ,
  • Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ,
  • Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ:

Դասընթացի ավարտին սաները կներկայացնեն իրենց անհատական նախագծերը, որ մշակելու են օգտագործելով դասընթացի արդյունքում ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները: Նախագծի ներկայացումն ըստ էության դասընթացի ավարտական քննությունն է, որի արդյունքում սաներն ստանում են հավաստագիր: Նախագծերը կգնահատվեն քննական հանձնաժողովի կողմից, որը ներառում է Սամսունգի հավաստագրված հրահանգիչներ, համակարգչային գիտության դասավանդման մասնագետներ և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ:

«Սամսունգի ինովացիոն կամպուսի դասընթացի նպատակն է զարգացնել թվային և ծրագրավորման հմտություններ, ի վերջո առանցքային դեր խաղալով Հայաստանի գիտելիքային հենքի ձևավորման գործում: Մեզ ուրախացնում է Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրությունը: Այս տարին նաև առանձնահատուկ է նրանով, որ ընդլայնվել է մասնակիցների աշխարհագրությունը, ներառելով Հայաստանի ավելի շատ բնակավայրեր»,- ասաց Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը:

UWC Դիլիջանը և համաշխարհային տեխնոլոգիական առաջատար Սամսունգ Էլեկտրոնիքսը ընկերությունը 2021թ. Հայաստանի Դիլիջան համայնքում հիմնել են Սամսունգի ինովացիոն կամպուսը: Նախաձեռնությունն Անդրոիդ օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածների ծրագրավորում սովորելու հնարավորություն է ստեղծել հայ երիտասարդների համար՝ այդպիսով նպաստելով Հայաստանի զարգացմանը:
Սամսունգ Էլեկտրոնիքսն իրականացնում է տարբեր ՏՏ կրթական ծրագրեր՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդ տաղանդներ, ովքեր կառաջնորդնեն հասարակությանը դեպի ապագա: Այս ծրագրերից մեկը UWC Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուսն է, որը հաջորդ երեք տարիների ընթացքում հեռավար և առկա ձևաչափով անցկացվող դասընթացին ներգրավելու է տարեկան 100 սան: Ծրագրին կարող են ընդգրկվել 14-16 տարեկան հայ երեխաներ։ Հայաստանում ծրագրի իրականացման համար Սամսունգ Էլեկտրոնիքսը տրամադրել է 25 համակարգիչ, սմարթ գրատախտակներ և այլ ժամանակակից տեխնոլոգիական սարքեր: