Հայաստանում UWC Դիլիջանի կողմից ղեկավարվող և իրականացվող Սամսունգ ինովացիոն կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը վերջերս այցելեց Մոսկվայում Սամսունգի ԱՊՀ գլխամասային գրասենյակ խորհրդակցական հանդիպումների նպատակով: Հայաստանում Սամսունգ ինովացիոն կամպուսը հովանավորվում է Սամսունգի ԱՊՀ գլխամասային գրասենյակի միջոցով: Անդրոիդ օպերացիոն համակարգի համար բջջային հավելվածների ծրագրավորման դասընթացը մեկնարկել է նախորդ տարի, և այս այցը արդյունքներն ամփոփելու և առաջընթացը վերլուծելու հրաշալի հնարավորություն էր: Նշենք, որ առաջին ընդունելության ժամանակ ընտրվել էր 40 սան: Ներկայում ընթանում է հայտադիմումների ընդունում և մրցույթ, որի արդյունքում ևս 60 սան կընտրվեն դասընթացի համար: Նշվեց, որ Հայաստանում Սամսունգ ինովացիոն կամպուսի պիլոտային խմբի արդյունքներն ընդհանուր առմամբ համապատասխանում են Սամսունգի չափանիշներին: Կողմերը նաև քննարկեցին Հայաստանում Սամսունգ ինովացիոն կամպուսի հետագա պլանավորումը և զարգացումը: Սամսունգի կրթական ծրագրերն իրականացվում են աշխարհի 33 երկրներում, որոնց առ այսօր շուրջ 2.1 միլիոն տաղանդավոր երեխաներ են ներգրավվել:
«Ուրախ եմ, որ ծրագրին ներգրավված պիլոտային խմբի գնահատման արդյունքները հետ չեն մնում այլ երկրների արդյունքերից: Մեկնարկից վեց ամիս է անցել, և այցս լավ հնարավորություն էր դասընթացի վերաբերյալ մտքեր փոխանակելու և արդյունքները համեմատելու համար: Կարծում եմ՝ Հայաստանի համար մեծ առավելություն է, որ մեզ մոտ ևս իրականացվում են Սամսունգի կողմից հովանավորվող ծրագրեր, և UWC Դիլիջանն ուրախ է լինել հայ երիտասարդների համար նախատեսված Սամսունգ ինովացիոն կամպուսի ծրագրի իրականացնողը»,- նշեց Սամսունգ ինովացիոն կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը: