You are currently viewing Սամսունգի ինովացիոն կամպուսում  տեղի ունեցավ առաջին սերնդի ավարտական արարողությունը

Սամսունգի ինովացիոն կամպուսը Սամսունգ Էլեկտրոնիքսի թեք ոլորտի կրթական ծրագրերից է, որը Հայաստանում իրականացվում է UWC Դիլիջանի միջազգային դպրոցում: Ծրագրի շրջանավարտների առաջին սերունդը՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ համայնքներից 30 երիտասարդ, ովքեր հաջողությամբ ավարտել են դասընթացը, ներկայացրեցին իրենց մշակած Անդրոիդ բջջային հավելվածները:

 

Սամսունգի ինովացիոն կամպուսում սաներն անցնում են իննամսյա նախագծահեն դասընթաց, որը բաղկացած է 5 մոդուլից՝

 

  • Ջավա ծրագրավորման լեզվի հիմունքներ,
  • Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն,
  • Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ,
  • Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ,
  • Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ:

 

Դասընթացն ավարտած սաները ներկայացրեցին իրենց անհատական նախագծերը, որ մշակել են օգտագործելով դասընթացի արդյունքում ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները: Նախագծի ներկայացումն ըստ էության դասընթացի ավարտական քննությունն է, որի արդյունքում սաներն ստանում են հավաստագիր: Նախագծերը գնահատվում են քննական հանձնաժողովի կողմից, որը ներառում է Սամսունգի հավաստագրված հրահանգիչներ, համակարգչային գիտության դասավանդման մասնագետներ և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ:

 

«Մեզ համար պատիվ է, որ Սամսունգը գործակցում է UWC Դիլիջանի հետ այս աննախադեպ նախաձեռնության շրջանակում: Մեծ աշխատանք է կատարվել առաջին արդյունքների ստացման և հաջողության հասնելու համար: Սամսունգի հետ մեր համագործակցությունը նոր հնարավորություն է ավելացնում Հայաստանի զարգացմանը նպաստելու մեր կարողություններին», — նշեց UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

«Այսօր Հայաստանում Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի համար նշանակալից օր է: Այս ինտենսիվ դասընթացը տեղավորվում է Հայաստանի՝ ՏՏ կենտրոն դառնալու և գիտահեն տնտեսություն զարգացնելու ռազմավարության համատեքստում: Բարձր որակավորմամբ հայ հրահանգիչների օգնությամբ և Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ գրասենյակի աջակցությամբ մեր սաներն այսօր ներկայացրեցին իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և ցույց տվեցին հաջողելու իրենց ձգտումները: Հպարտանում ենք մեր սաներով, հուսով եմ՝ Սամսունգը նույնպես», — նշեց Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը:

 

«Սամսունգի ինովացիոն կամպուսը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին բացահայտել իրենց ներուժն ու կարիերա կառուցել: Հպարտ ենք, որ UWC Դիլիջանի հետ համատեղ ներդրում ենք կատարում երիտասարդների կրթության մեջ և օգնում ենք զարգացնել ՏՏ ոլորտի տաղանդներ Հայաստանում: Սամսունգի ինովացիոն կամպուսի կրթական ծրագրերը ոչ միայն բարձրացնում են ուսանողների թվային գրագիտությունը և օժտում նրանց ՏՏ հիմնական գիտելիքներով, այլև նպաստում են երկրի ներսում ինովացիոն տեղեկատվական տեխնոլոգիաների տարածմանը և այսպիսով նաև սոցիալ-տնտեսական և այլ ոլորտների զարգացմանը: Այսօր նշում ենք Սամսունգի ինովացիոն կամպուսի առաջին սերնդի շրջանավարտների հաջողությունը: Այս երիտասարդները UWC Դիլիջանի ղեկավարության և ծրագրային թիմի հոգածության շնորհիվ իսկապես տպավորիչ արդյունք են արձանագրել: Առջևում բազմաթիվ հնարավորություններ կան, և հուսով եմ՝ կշարունակենք համատեղ աշխատանքը», — նշեց Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ երկրների գլխամասային գրասենյակի ավագ խորհրդական պարոն Դեյ Հյուն Կիմը: