You are currently viewing 10 դիլիջանցի երեխա ընդգրկվեցին UWC Դիլիջանի Սամսունգի ինովացիոն կամպուս կրթական ծրագրում

Ամփոփվել են UWC Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուսի ընդունելության արդյունքները, և ծրագրում ընդգրկվել են 60 երեխա Հայաստանի տարբեր բնակավայրերից, այդ թվում 10 երեխա Դիլիջան համայնքից:

 

2022թ. մարտին մեկնարկած ծրագրի առաջին ընդունելության արդյունքում Դիլիջանից երեխաներ չէին ընդունվել: Գնահատելով իրավիճակը՝ Դիլիջանի համայնքային կենտրոնը  հանձն առավ կազմակերպել հատուկ դասընթաց այն երեխաների համար, ովքեր ծրագրում ընդգրկվելու հետաքրքրություն էին հայտնել՝ հույս ունենալով, որ նախապատրաստական պարապմունքների արդյունքում երեխաները կկարողանան հաղթահարել Սամսունգի դասընթացի ընդունելության փուլերը:

 

«Դիլիջանի համայնքային կենտրոնը ուրախ է, որ դիլիջանցի երեխաների համար կազմակերպված հատուկ պարապմունքները արդյունք տվեցին, և նրանք կարողացան հաղթահարել Սամսունգի ընդունելության փուլերը: Համայնքային կենտրոնի պարապմունքները վարում էր Սամսունգի կողմից վերապատրաստված հրահանգիչը: Այսպիսով, հրաշալի կրթական հնարավորություն է ստեղծվել երեխաների համար։ Մենք հետևելու են նրանց առաջընթացին և վստահ ենք, որ երեխաները հաջողություններ կարձանագրեն»,- նշեց Դիլիջանի համայնքային կենտրոնի գործադիր տնօրեն տիկին Արմինե Հովհաննիսյանը:

 

«Հաշվի առնելով, որ UWC Դիլիջանը և իր Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագիրը տեղեկայված են Դիլիջանում՝ մեզ համար կարևոր է, որ ծրագրին մասնակցեն տեղացի երեխաներ, ովքեր վստահաբար կբարելավեն իրենց թվային գիտելիքները, ինչպես նաև սովորելու կարողությունները, ստեղծագործական ունակություններն ու երևակայությունը»,- նշեց  Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը:

 

UWC Դիլիջանի միջազգային դպրոց-պանսիոնը և աշխարհում տեխնոլոգիական առաջատար Սամսունգ ընկերությունը հիմնել են Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանի Դիլիջան քաղաքում։ Նախաձեռնության նպատակն է հնարավորություն ստեղծել Հայաստանի երիտասարդների համար՝ զարգացնելու իրենց ՏՏ հմտությունները և սովորելու Անդրոիդ օպերացիոն համակարգի համար նախատեսված բջջային հավելվածների ծրագրավորման հիմունքներ:

 

Կրթական ծրագիրը նախատեսված է 14-16 տարեկան հայ երեխաների համար: Տարեկան 100 երեխա կմասնակցի դասընթացին, որը կազմակերպվում է առկա և հեռավար ձևաչափով: Դասընթացը տևում է մեկ տարի և անվճար է:

 

Նշենք, որ Սամսունգ Էլեկտրոնիքսը ծրագրի շրջանակներում կահավորել է գերժամանակակից համակարգչային լաբորատորիա՝ տրամադրելով 21 համակարգիչ, սմարթ գրատախտակներ և այլ սարքեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանում Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի իրականացման համար: