You are currently viewing Սամսունգի ղեկավարությունը մասնակցեց UWC Դիլիջանի 10-րդ տարեդարձի միջոցառումներին

Հոկտեմբերի 17, Դիլիջան — UWC Դիլիջանի 10-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների հատուկ հյուրերի թվում էր Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի նախագահ և գլխավոր տնօրեն պարոն ՍիԷս Լին: Այցի ընթացքում պարոն Լին հանդիպեց Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի շրջանավարտների հետ և UWC Դիլիջանին հանձնեց հատուկ նվեր՝ Սամսունգի Flip LFD էկրան, որը կհամալրի UWC Դիլիջանում Սամսունգի կողմից կահավորված համակարգչային լաբորատորիան: Նվերն ընդունեց UWC Դիլիջանի համահիմնադիր և խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

Աշխարհի տեխնոլոգիական առաջատար Սամսունգ Էլեկտրոնիքսը երիտասարդների համար ստեղծել է ՏՏ կրթական ծրագրեր Սամսունգի ինովացիոն կամպուսի շրջանակում, որը գործում է ավելի քան 70 վայրում։ 2021թ. UWC Դիլիջանը դարձել է նշված ծրագրի վայրը Հայաստանում։ Ամեն տարի 14-16 տարեկան 100 երիտասարդ հնարավորություն ունեն մասնակցելու Սամսունգի ինովացիոն կամպուսի դասընթացին, որի նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը՝ հայ երիտասարդներին ընձեռելով ՏՏ գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու և Android համակարգի հավելվածների ծրագրավորում սովորելու հնարավորություն: Երևանից, Վանաձորից, Գյումրիից, Դիլիջանից և այլ վայրերից երիտասարդներն անցնում են ընդհանուր 140 ժամ տևողությամբ դասընթաց, որն անց է կացվում Սամսունգ Էլեկտրոնիքսի կողմից տրամադրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով կահավորված լաբորատորիայում: Լաբորատորիան համալրված է 25 համակարգչային սեղանով, խելացի գրատախտակներով և այլ սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են Հայաստանում Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի իրականացման համար։ Սամսունգի նոր սերնդի Flip LFD էկրանը արժեքավոր լրացում կլինի լաբորատորիայի համար։
Մրցութային ընտրության գործընթացը հաղթահարած ուսանողներն անցնում են նախագծային ուսուցմամբ դասընթաց, որը բաղկացած է 5 մոդուլից.

  • Ջավա ծրագրավորման լեզվի հիմունքներ
  • Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման ներածություն
  • Android հավելվածների ծրագրավորման հիմունքներ
  • Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ
  • Բջջային հավելվածների սերվերային կողմի զարգացման հիմունքներ:

Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ուսանողները որպես ավարտական քննություն ներկայացնում են իրենց անհատական նախագծերը, որոնք մշակում են՝ օգտագործելով Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները և հմտությունները։ Լավագույն նախագծերը կարող են առաջադրվել «IT School» միջազգային մրցույթին։ UWC Դիլիջանի ծրագրի շրջանավարտները շարունակաբար ցուցաբերել են բարձր արդյունքներ և առաջադրվել են միջազգային մրցույթների։
«Սամսունգի սոցիալական պատասխանատվության ծրագրի «Միասին հանուն վաղվա. ստեղծելով հնարավորություններ մարդկանց համար» տեսլականի ներքո մենք հպարտ ենք UWC Դիլիջանի հետ մեր գործակցությամբ, որը հզորացնում և աջակցում է ապագա սերնդին, որպեսզի վերջինս կարողանա իրացնել իր ողջ ներուժը և դառնալ դրական սոցիալական փոփոխությունների առաջամարտիկ։ Մարդը և համընդհանուր բարեկեցությունը Սամսունգի կորպորատիվ փիլիսոփայության հիմքում են։ Երիտասարդներն անսահման ներուժ ունեն։ Հնարավոր է՝ նրանք այնպիսի նորարարություններ կատարեն, որոնք հետք կթողնեն պատմության մեջ։ Հենց այս սերնդի համար, որն ունակ է փոխելու աշխարհը, Սամսունգ Էլեկտրոնիքսը կենտրոնանում է կրթության վրա։ UWC Դիլիջանը նշում է իր 10 տարվա ձեռքբերումները, և ես համոզված եմ, որ UWC բարեհաջող կերպով շարունակելու է իր առաքելությունը՝ երիտասարդ նորարարների և ապագա առաջնորդների պատրաստելու գործում Սամսունգ Էլեկտրոնիքսի հետ միասին»,- ասաց CS Լին, Սամսունգ Էլեկտրոնիքս ԱՊՀ գլխամասային գրասենյակի նախագահ և գլխավոր տնօրեն ՍիԷս Լին:

«Մեզ համար մեծ պատիվ է Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի մաս լինել։ UWC Դիլիջանի ղեկավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ երիտասարդների համար դասընթացն անցկացվի ամենաբարձր մակարդակով։ Այսպիսով Սամսունգի հետ համատեղ մենք նպաստում ենք Հայաստանում երիտասարդների ՏՏ հմտությունների և տաղանդների զարգացմանը։ Մենք խորապես շնորհակալ ենք Սամսունգի ղեկավարությունից շարունակական աջակցության համար։ Այս նվերը, որ Սամսունգի վերջին տեխնոլոգիան է, անկասկած կօգնի ծրագրի արդյունավետությանը»,- ասաց UWC Դիլիջանի համահիմնադիր և խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

UWC Դիլիջանի մասին
UWC Դիլիջանը տարածաշրջանի առաջին միջազգային դպրոց-պանսիոնն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014թ, Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայում ունի 220 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից և 84 հոգանոց անձնակազմ 15 երկրից։
UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ ՌուբենՎարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Դպրոցում ուսանողների ընդունելությունն իրականացվում է UWC ցանցի ընդունելության քաղաքականությանը համապատասխան:Ուսանողներն ընտրվում են մրցույթով և ընդունվում դպրոց անկախ ընտանիքի սոցիալական և ֆինանսական կացությունից: Ֆինանսական կարիքի գնահատման արդյունքով կարող է տրամադրվել կրթաթոշակ։ Ուսանողների ավելի քան 88% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։
UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմային ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-18 տարեկան երիտասարդների համար: UWC Դիլիջանն ունի շուրջ 1000 շրջանավարտ ողջ աշխարհում:

 

Սամսունգ Էլեկտրոնիքսի մասին
Սամսունգը ոգեշնչում է աշխարհը և կերտում է ապագան տրանսֆորմացիոն գաղափարների և տեխնոլոգիաների միջոցով: Ընկերությունը վերաձևել է հեռուստացույցների, սմարթֆոնների, կրելի սարքերի, պլանշետների, թվային տեխնիկայի, ցանցային համակարգերի, հիշողության չիպերի, LSI համակարգերի, արտադրական հզորությունների և LED լուծումների աշխարհները: Ընկերության վերջին նորություններին ծանոթացեք Samsung Newsroom էջում:

 

Սամսունգի ինովացիոն կամպուսի մասին
Սամսունգ Էլեկտրոնիքսը վարում է տեխնոլոգիական հենքով զանազան կրթական ծրագրեր, որոնց նպատակն է զարգացնել երիտասարդ տաղանդներ, ովքեր ունակ կլինեն առաջնորդել ապագայի հասարակությանը: Այս ծրագրերից է Սամսունգի ինովացիոն կամպուսը, որի շնորհիվ աշխարհի տարբեր երկրների երիտասարդներ ծանոթանում են առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաներին, այդ թվում արհեստական բանականություն (ԱԲ) և իրերի ինտերնետ, ուսուցանում են, ինչպես նաև հնարավորություններ են ստեղծում նրանց հետագա կարիերայի համար: Սամսունգի ինովացիոն կամպուսը ներկայում գործում է աշխարհի 32 երկրում: 2020թ. դրությամբ շուրջ 160,000 ուսանող է մասնակցել Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագրին: